Հարգելի գործընկեր
Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայի (ՀՀԱԱ) խորհուրդը հենց վերջերս անդրադարձավ կառույցի առաքելության վերաձևակերպմանը: Մեր առաքելությունն է խրախուսել և ամրապնդել Հայաստանում գործող կազմակերպությունների ֆինանսական տեղեկատվության վստահելիությունը օգտագործողների, այդ թվում նաև ներդրողների աչքում:
Խորհուրդը նաև սահմանեց, որ առաքելությունն իրագործելու նպատակով մենք ձգտելու ենք կատարելագործել Հայաստանում գործող հաշվապահների և աուդիտորների մասնագիտական կարողությունները` որակավորման, շարունակական կրթության, համապարփակ մասնագիտական օժանդակության և որակի հսկողության միջոցով, ինչպես նաև հաշվապահության և աուդիտի պատվիրատուների հետ մշտական փոխադարձ կապի միջոցով:
Ներկայումս աշխարհում և Հայաստանում բարդ ժամանակ է, մրցակցություն է ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման համար; Այդ իմաստով դժվար է գերագնահատել վստահելի հաշվառում ունենալու և նաև արժանահավատ հաշվետվությունների մեջ համոզված լինելու կարևորությունը: 2010 թվականին կայացած Հաշվապահների միջազգային կոնգրեսը խնդիր դրեց մասնագիտության առաջ` կոչ անելով էլ ավելի մեծ պատասխանատվություն վերցնել կորպորացիաների միջոցով տնտեսական աճի ապահովման և հարակից տեղեկատվության գրագետ արտացոլման համար: Բոլոր այդ խնդիրները նաև Հայաստանի մասնագետ հաշվապահների առջև են` ի նպաստ մեր երկրի ու նրա յուրաքանչյուր միկրոկառույցի զարգացման: Հայաստանյան հաշվապահական համակարգը նաև աշխարհի համար պետք է ընդունելի լինի, նույն լեզվով խոսի և պատահական չէ, որ Հայաստանը որդեգրել է միջազգային մասնագիտական ֆինանսական հաշվետվությունների և արտաքին աուդիտի ստանդարտների կիրառման քաղաքականությունը մեր երկրում:
Նախորդող 15 տարիների ընթացքում էլ Ասոցիացիան համագործակցել է տարբեր կառույցների, կարգավորող ատյանների, միջազգային կազմակերպությունների, գործարար համայնքի հետ:
Ասոցիացիայի նոր ընտրված խորհրդի անունից ողջունում եմ մեր բոլոր անդամներին ու գործընկերներին, հավաստիացնում, որ խորհուրդը տրամադրված է հետագա պրոֆեսիոնալ առաջընթացի, այդ թվում` նաև փորձելու է հանրության համապատասխան ատյաններին դրա համար առաջարկել նոր իրավական շրջանակներ և իրավասությունների բաշխում:
Մենք, ըստ էության, հանրային ծառայություն ենք մատուցում: Այդ իմաստով կարևորում ենք սեփականատերերի, գործատուների, կառավարության և այլ շահառուների հետ հետադարձ և փոխադարձ կապը, նրանց խնդիրների նկատմամբ ուշադիր լինելը: Միաժամանակ ակնկալում ենք համապատասխան աջակցություն և շահագրգիռ մասնակցություն` Հաշվապահների միջազգային դաշնության հետ համաձայնեցված մեր ծրագրերի իրականացման գործում:
Հարգանքով`
Ահարոն Չիլինգարյան
ՀՀԱԱ խորհրդի նախագահ





